20-ամյա պացիենտի մոտ կլինիկոլաբորատոր և ռենտգենաբանական հետազոտություններից հետո ախտորոշվել էր աջ ձեռքի 3-րդ, 4-րդ մատների մաշկաոսկրային սինդակտիլիա (երբ մատները մասամբ կամ ամբողջությամբ սերտաճած կամ ձուլված են միմյանց):
Կատարվել է նշված մատների ոսկրային հիմքի անջատում, ոսկրերի դեֆեկտների ուղղում, մաշկի զեթաձև պլաստիկայով վերքային մակերեսների ծածկում, վերքերի դրենավորում: Վիրահատությունը իրականացրել է Օրթոպեդիայի և վնասվածքաբանության կլինիկայի միկրովիրաբուժության ծառայության ղեկավար օրթոպեդ-վնասվածքաբան Արթուր Մամբրեյանը, ընդհանուր անզգայացումը՝ անէսթեզիոլոգ Քրիստինե Ռուդոմյոտկինան:
Վիրահատությունը անցել է բարեհաջող, մատների ֆունկցիան և էսթետիկ տեսքը վերականգնվել է:
Սինդակտիլիան ձեռքի կամ ոտքի մատների բնածին կամ ձեռքբերովի ձևախախտումն է, որի դեպքում 2 կամ ավել մատներ մասամբ կամ ամբողջությամբ սերտաճած կամ ձուլված են միմյանց: Այն ձեռքերի երկրորդ, ամենատարածված բնածին հիվանդությունն է: Տղաների մոտ հանդիպում են 2 անգամ ավելի հաճախ, քան աղջիկների մոտ:
Ըստ ծագման՝ լինում է բնածին և ձեռքբերովի, բնածին սինդակտիլիան լինում է ի ծնե, հայտնաբերվում է անմիջապես երեխայի ծնվելուց հետո: Ձեռքբերովի սինդակտիլիան առաջանում է այրվածքներից, մաշկային որոշ հիվանդություններից հետո՝ միջմատնային տարածության սպիական սերտաճման հետևանքով:
Ըստ հյուսվածքների ներգրավածության՝ լինում է մաշկային, թաղանթային, ոսկրա-մաշկային, իզոլացված և այլն: Ինչպես նաև կարող է լինել պարզ և բարդ: Պարզը` նորմալ մատների սերտաճումն է, բարդի ժամանակ թերզարգացած է անոթային ցանցը, այսինքն՝ կարող է լինել մեկ սնուցող զարկերակ երկու մատի համար, ինչպես նաև առկա է լինում ջլա-կապանային, ոսկրա-հոդային անոմալիաներ, մկանային կոնտրակտուրաներ:
Նշենք, որ ըստ միջմատնային տարածության փակման աստիճանի՝ տարբերում են լրիվ, մասնակի և ծայրային սինդակտիլիա: Լրիվի դեպքում մատները միմյանց կպած են ամբողջ երկայնքով և միջմատնային տարածությունը ամբողջովին փակ է: Մասնակիի դեպքում մատները միմյանց կպած են ոչ ամբողջ երկայնքով, ծայրերը ազատ են և միջմատնային տարածությունը մասամբ առկա է: Ծայրայինի դեպքում՝ մատները միմյանց կպած են միայն ծայրերով: Բուժումը միայն վիրահատական է, կատարվում է մատների անջատում:
.png)